«Թվական խոսքի մասը ֆրանսերենում» աշխատությունը Հայաստանում տպագրված յուրօրինակ գրքույկ-ձեռնարկ է։ Չնայած հեղինակի՝ Մարտին Մակարյանի դեռ ավագ դպրոցի աշակերտ լինելուն, ուսումնական ձեռնարկը արժանացել է դասավանդողների և մասնագետների դրական գնահատականին, գրախոսվել ԵՊԼՀ ավագ դասախոս Ռ. Գալստյանի և ԵՊՀ դասախոս Թ. Բլբուլյանի կողմից։
Գրքույկը իրոք բավականին հաջողված է։ Գրքույկի ստեղծումը ևս ինքնանպատակ չէ. պետք է համաձայնել, որ ֆրանսերենի (և ընդհանրապես օտար լեզուների դեպքում ևս) դասավանդման գործընթացում հաճախ թվականը ուսումնասիրվում է բավականին թռուցիկ կամ ինչն ավելի վատ է՝ չի ուսումնասիրվում ընդհանրապես, դուրս է մնում ուսումնական ծրագրից։ Նման մոտեցման արդյունքը սովորողների շրջանում կոպիտ սխալներն են, որոնք թույլ են տրվում հատկապես բանավոր խոսքում։ Դե իսկ կոտորակների կամ մաթեմատիկական գործողությունների վերաբերյալ դասագրքերում չի խոսվում առհասարակ։
Այս առումով ձեռնարկը օգնության է գալիս ուսումնասիրողներին և դասավանդողներին։ Բացատրությունները մատչելի են, հնարավորինս պարզեցված, տրված են հայերենով, որպեսզի հասկանալի լինեն նաև սկսնակների համար։ Ձեռնարկում խոսվում է թվականների գրեթե բոլոր տեսակների վերաբերյալ. քանակական, դասական, կոտորակային, հավաքական, բազմապատկական։ Գրքույկում գտնում ենք նաև 50 հետաքրքրաշարժ վարժություններ, որոնցից մի զգալի հատված միտված է զագացնելու սովորողների բանավոր հաղորդակցության կարողությունները։ Վերջում տրվում են նաև առաջադրանքների պատասխանները։
Կարծում ենք, որ ձեռնարկը օգտակար կլինի ֆրանսերենով հետաքրքրվող անձանց և այս գեղեցիկ լեզու ուսումնասիրողներին և դասավանդողներին և կարծում ենք, որ այն կօգնի ամրապնդել Ձեր գիտելիքները և զարգացնել Ձեր կարողությունները։
Մ. Մակարյանի «Թվական խոսքի մասը ֆրանսերենում» ("L'adjectif numéral dans la langue française") գիրքը կարելի է գտնել Երևանի բոլոր գրախանութներում։ Շատ շուտով հասանելի կլինի նաև վերջինիս էլեկտրոնային տարբերակը։
2016-10-01 18:12 (Աբել)